Մշակույթ

Մինաս Ավետիսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 94-ամյակին:

Կցուցադրվի Արամ Աբրահամյանի հավաքածուում իր արժանվույն տեղը գրավող «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» հայտնի կտավը։

Երեկոյի ընթացքում արվեստաբանական իրենց խոհերով կկիսվեն նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, արվեստագետներ Արա Հայթայանը և Նազարեթ Կարոյանը։

Համերգային մասում հանդես կգա Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը` խմբավար Մարինե Ավետիսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Հռիփսիմե Ումրշատյանի նվագակցությամբ։

Նշենք, որ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարի 21-ին ներկայացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսին: Պատկերագրքի և պաստառների համար Մորիցբուրգի թանգարանի կողմից ընտրվել է Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) գտնվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» միակ ստեղծագործությունը: