Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, կցուցադրվի շուրջ հարյուր ֆիլմ: Փառատոնը կհյուրընկալի ականավոր կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից:

Լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց՝ այսքան  հագեցած փառատոն վաղուց չէին ունեցել: «Լավ ֆիլմեր են ներկայացվելու, բարձրակարգ ռեժիսորների և պրոդյուսերների աշխատանքներ: Լուրջ և բովանդակալից ծրագիր է սպասվում»,-նշեց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձություններից է. «Հույս ունեմ, որ համավարակից հետո կինոփառատոնը կկարողանա վերականգնել երբեմնի ծավալները, ինչի համար բոլոր նախադրյալները կան: Այս տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել Հայաստանի ներկայությունը միջազգային  հեղինակավոր հարթակներում՝ Վենետիկի բիենալեում, Կաննի կինոշուկայում և այլուր: Միջազգային նախագծերը, որոնք ձևավորվում են տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում, ոսկուց էլ թանկ են և պետք է ամեն ինչ անել այդ հարթակները պահպանելու համար, որովհետև դրանք աշխարհի և առաջատար միջազգային հանրության հետ երկխոսության հարթակ են»:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ առաջին տարին է, որ հովանավորում են «Ոսկե ծիրանը», որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում երևանյան մշակութային կյանքում: Նա վստահեցրեց, որ լավ արդյունքներ են գրանցելու և փորձելու են ակտիվացնել մշակութային կյանքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։  Փառատոնը կփակվի Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» կինոնկարով՝ կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այս անգամ՝ հուլիսի 17-ին։

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: