Մշակույթ

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան։ Ծնունդդ շնորհավոր, մաեստրո

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան։ Մեծն շանսոնյեն հեղինակել ու կատարել է 1000-ից ավելի երգ։  Շատ երգեր է գրել նաև ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թվականին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին համերգներով շրջագայել են: Ազնավուրն իր կարիերայի սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Իսկ համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Նկարահանվել է նաև Ատոմ Էգոյանի՝ Մեծն եղեռնին նվիրված «Արարատ» ֆիլմում:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Ազնավուրը  բազմիցս եղել է Հայաստանում՝ աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ։ 

1995 թվականից սկսած եղել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում, իսկ 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
Հեղինակել  է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
Ազնավուրի անունով է կոչվում  երևանյան հրապարակներից մեկը, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում կանգնեցվել է շանսոնյեի հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին՝ Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը։

Մեծն շանսոնյեն կյանքին հրաժեշտ է տվել 2018թ․ հոկտեմբերի 1-ին, աճյունն ամփոփված է Փարիզի գերեզմանատանը։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝Վաղինակ Ազնավուրյան։ 1922 թվականին ընտանիքը գաղթել է  Հունաստան, ավելի ուշ՝ Ֆրանսիա, որտեղ էլ ծնվել է  Շառլ Ազնավուրը։