Հայաստան

«ժողովրդավարությունն այսօր ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության երաշխավորման կարևորագույն գործոնն է». Փաշինյան

Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ, և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք․ առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը և ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը։ Ես կարծում եմ՝ երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է՝ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է։ Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը։ Եվ այս առումով ուզում եմ ընդգծել ու կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որի համար մանդատ է տվել ՀՀ քաղաքացին։ Շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը, նաև տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական ու պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված։ Շատ հաճախ, երբ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև։ Դա ամենևին կապ չունի դրա հետ, և մեր քաղաքական թիմը, մեր կառավարությունն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի։ Եվ իմիջիայլոց այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է ՀՀ քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ․ «Ինչպես ՀՀ-ին բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն»։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է։ Եվ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն բոլոր ժողովրդավարական ուժերը։