Հասարակություն

Առաջարկում են փոփոխություներ բալային համակարգում

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարածների նկատմամբ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այս նախագծով չեն վիճարկում բալային համակարգի արդյունավետությունը, տուգանքների բարձր կամ ցածր լինելը. «Այս օրենքի վիճարկման հիմնական պատճառը ՀՀ Սահմանադրության պահանջն է, 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում, ու վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից»։

Ըստ Մանուկյանի՝ 2017 թվականին, երբ բալային համակարգ չկար, Հայաստանի ճանապարհներին պատահարների հետևանքով մահացել է 279 քաղաքացի, 2018-ին մահացել է 343 քաղաքացի, 2019-ին՝ 341 քաղաքացի, իսկ 2021-ին մահացել է 368 քաղաքացի, երբ կար արդեն բալային համակարգը:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե իրենք պատրաստվում են ՍԴ-ում վիճարկել այս օրենքը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, սակայն, դեմ արտահայտվեցին նախագծին։