Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանն ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ համամիտ չէ ձևակերպումներին, թե այդ ինստիտուտն ընդդիմադիր է: Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ ու օրենքով պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը:

«Որևէ դեպքում այն չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պաքարի դուրս ելած մարմին: Փոխարենը անվիճելի է այն մոտեցումը, որ եթե պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չեն վերացնում անձանց իրավունքների խախտումը, պաշտպանի գործն է՝ արձանագրել խախտումը, հրապարակային դարձնել դա, եթե խախտումը չի վերացվել, և հետևողական լինել, որ խախտումը վերացվի, իսկ հաջորդները կանխարգելվեն»,- ասաց նա: