«Շատ կարևոր է հաստատել մեր թիմի վարքականոնը»․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի շենքում տեղի ունեցած միջադեպին։
«Նմանատիպ միջավայրում, ինչպես տեսնում ենք, տեխնոլոգիաների և Tik-Tok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերն ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Մկան՝ նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք նմանատիպ սադրանքներին չի կարող լինել չզսպված»,- նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մեջ, իհարկե, եղել է սուտ ու սադրանք, բայց «թևերը քշտել, գնալ ծեծելը» իրենց վարքականոնը չէ․
«Ես էն մյուս հատվածին սկի չեմ ուզում գնահատական տալ։ Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների՝ մոտավորապես 100 պրոյեկտ ունի, բակերի հիմնանորոգման տարատեսակ պրոյեկտներ։ Այդ բակերից մոտավորապես 40-ն ավարտին է հասել կամ տարբեր փուլերում է։ Այդ 100-ից 4-5-ը խնդրահարույց են, վստահաբար, բայց այդ խնդիրներն էլ կլուծվեն։ Դեռ դեպք չի եղել, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի աշխատանք, որը պատշաճ որակով չի արվել։ Նաև այն հանգամանքը, որ այդ մանկապարտեզի հետ Դուք՝ պրն Տեր-Մարգարյան, որևէ կապ չունեք։ Ո՛չ այդ աշխատանքների, ո՛չ՝ դրանք ընդունելու հետ։ Ես այդ ամենը հասկանում եմ։ Ուզում եմ այս հատվածն էլ հատուկ առանձնացնել․ այո, դա սադրանք է, այդտեղ կա ահռելի ծավալի սուտ, վիրավորանքներ, բայց ամեն օր ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես․ թևերներս չենք քշտում, գնում՝ իրենց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չէ, չի կարող լինել»։
Ավինյանը նշեց, որ գնահատում է Տեր -Մարգարյանի խոսքը, իսկ քրեական գործի վերաբերյալ դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։