Երևան

«Այս ավագանին տեսել է «Կամազներ»՝ շինթույլտվությունների դիմաց». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Էվոկաբանկ» ընկերության կողմից համայնքին 254 մլն դրամ նվիրաբերելու որոշմանը։ Ըստ նրա՝ նախագիծը գույքի կամ գումարի նվիրաբերման մասին չէ։

«Այս նախագիծը Երևանի և երևանցիների մասին հոգ տանելու նախագիծ է։ Այս ավագանին իր փորձով գիտի, որոշ հարցերի ենթատեքստից էլ ակնհայտ է, որ եթե գործարարը որևէ բան է անում քաղաքի համար, ուրեմն ակնկալիք ունի։ Այս ավագանին տեսել է «Կամազներ»՝ շինթույլտվությունների կամ մեկ այլ բանի լիցենզիայի դիմաց։ Բայց այս դեպքն ուզում եմ առանձնացնել, որովհետև սա համայնք-գործարար համագործակցության բացառիկ շրջանակից է, երբ ընկերությունը, ընկերության նախագահն ուղղակի սիրում է քաղաքն ու ուզում է իր քաղաքի համար մի լավ գործ անի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել այդ նախաձեռնության համար՝ շեշտելով, որ սա լավագույն օրինակն է գործարարների համար, թե ինչպես կարող են օգտակար լինել Երևանին. «Խոսքը 300 մլն դրամ նվիրաբերության մասին է։ Երևանն էլ իր կողմից է որոշ գումար հատկացնելու, և մենք գեղասահքի նախկին մարզադպրոցի փոխարեն ունենալու ենք նոր անհատական մարզաձևերի սպորտդպրոց»։

Նախագիծն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։