Երևան

Երևանի պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են շարժական թվային ռենտգեն սարքերով

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը տեղեկացրել է, որ Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկական ծառայությունները և շտապ օգնության ծառայությունը ապահովվել են ժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքերով:

«Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերազինման շարունակականության ապահովման նպատակով Երևանի 2022 թվականին բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 199.1 մլն դրամի 8 անուն, թվով 38 նոր բուժսարքավորումներ՝ այդ թվում 1 ստացիոնար, 7 շարժական թվային ռենտգեն:

Ռենտգեն սարքավորումները կշահագործվեն համապատասխան լիցենզավորման գործընթացի ավարտից հետո:

Երևանի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նաև 2 նոր դյուրակիր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 2 տվիչով, քանի որ նախատեսվում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ներդնել նոր՝ արտագնա ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունների իրականացման ծառայություն, որը հնարավրություն կտա շարժման սահմանափակումներով, անկողնային բուժառուներին, ինչպես նաև այլ ցանկացողների տնային պայմաններում իրականացնել նշված հետազոտությունները:

Երևանի ենթակայության թվով 9 պոլիկլինիկական ծառայությունները հագեցվել են նոր ուլտրաձայնային հետազոտման սարքավորումներով՝ 3 տվիչով, այդ թվում՝ էխոսրտագրության թվիչով:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին տրամադրվել է թվով 2 ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ՝ 3 տվիչով»,- հայտնել է Ասատրյանը ֆեյսբուքի իր էջում: