Երևան

Մշակվել է Երևանի ավտոճանապարհների վերանորոգման համապարփակ նախագիծ. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքները. «Արդեն ավարտվել է «Լամբադա» հանգույցի ստորգետնյա անցումի հիմնանորոգումը: Ընթացքում է «Փակ շուկայի» հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումի վերանորոգման աշխատանքները, իսկ Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկի ստորգետնյա անցումի վերանորոգումը նախատեսվում է սկսել 2023-ին:

Այս եռամսյակում շահագործման հանձնեցինք Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միացնող հատվածը, որն էական ազդեցություն ունի Կոմիտասի պողոտայի երթևեկության թեթևացման հարցում»:

Ըստ Ավինյանի՝ Երևանի ավտոճանապարհների վերանորոգման նպատակով առաջին անգամ մշակվել է համապարփակ նախագիծ, որն իր մեջ ներառում է 12 վարչական շրջանները և շուրջ 200 կմ ճանապարհ. «Այս նախագիծը մշակելիս ներգրավել ենք ճանապարհաշինության առաջատար մասնագետների, իրականացումը նախատեսվում է սկսել 2023 թվականից»:

Ավինյանը նաև տեղեկացրել է. «2023-ին նախատեսել ենք նաև սկսել դեպի մանկական երկաթուղի տանող երկու թունելների հիմնանորոգումը: Այժմ ծրագիրը գտնվում է նախագծային փուլում»:

Նա տեղեկացրել է, որ բարեկարգման աշխատանքներ են կատարվում Երևանի զբոսայգիներում. «Այժմ աշխատանքներ են ընթանում երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի զբոսայգում: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից զբոսայգու բարեկարգումը կսկսվի մրցույթի ավարտից հետո: Երկու զբոսայգիներում էլ կառուցվելու են նաև շատրվանային համակարգեր»: