Երևան

«Մենք ձևը կգտնենք և կքանդենք այդ կրպակները». Տիգրան Ավինյանը՝ ինքնակամ շինությունների մասին

«Երևանի վարչական շրջանների միջոցով մեր կողմից իրականացված ապամոնտաժումների հիմնական առաջնահերթությունները մայթերը, այգիները, հին կարուսելները, անճոռնի տեսք ունեցող կրպակներն են, որոնք պատմամշակությին շենքերի տեսքն են փչացնում և, Երևանիի ճարտարապետության տեսանկյունից, տեղ չունեն քաղաքում»,- այսօր տարեվերջան ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապօրինի շինությունների ապամոնտաժման հետ կապված աշխատանքներին։

Փոխքաղաքապետի խոսքով՝ սա նաև կանխարգելիչ տրամաբանություն ունի, քանի որ քաղաքում, թեև փոքր չափով, բայց ինքնակամ շինությունների կառուցման փորձեր կատարվում են. «Վերջերս կառավարության որոշմամբ ստացանք լիազորություն, որով հնարավորություն ունենք բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցված տարօրինակ կառույցները, նկուղներն ապամոնտաժելու»։

Ըստ Ավինյանի՝ պետք է մեր հոգեբանության մեջ վերանայումներ անենք։

«Օրինակ, այգիներ կային, որտեղ կային «մսի պասաժներ», դեղատուն, այգիներ կային, որտեղ գովազդային էկրաններն այնքան մեծ էին, որ անհասկանալի էր՝ դա այգու մասին է, թե էկրանի։ Մեր առաջնահերթությունը գալիս է նրանից, որ մենք քաղաքի նկատմամբ վերաբերմունքը ուզում ենք փոխել։ Եթե դու տանդ չես աղտոտում կամ տանդ միջանցքում մեծ կահույք չես դնում, ապա նույն տրամաբանությամբ քաղաքի մայթերին էլ կրպակ կամ շենք չպիտի կառուցես, կամ բազմաբնակարան շենքի տանիքին՝ առանձնատուն»,- ասաց փոխքաղաքապետը և հավելեց, որ կան համապատասխան նորմեր, և նման շինությունները սեյսմիկ, անվտանգային խնդիրներ են առաջացնում։

Տիգրան Ավինյանն ասաց, որ սա երկարաժամկետ գործընթաց է, պետք է մի կետից սկսել, և իրենք սկսել են։ Փոխքաղաքապետի խոսքով՝ իրենց նպատակը բոլոր ինքնակապ կառույցները քանդելը չէ։ «Կան ինքնակամ կառուցված բնակելի տներ, որը խորհրդային տարիներից ժառանգված խնդիր է, դա փուլառփուլ լուծելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է հանրային տարածքներում ինքնակամ շինություններին, վտանգավոր կառույցներին, մայթերին կառուցված շենքերին ու կրպակներին, առաջնահերթությունն այլ է։ Իսկ որտե՞ղ է հանրային շահը։ Այգիները հանգստի վայր են, ոչ թե ինչ որ մեկի փնթի բիզնես վարելու տեղ։ Եթե հանրային շահը այդտեղ է, մենք դրա հետևից ենք գնում, ոչ թե 25 տարի առաջ կառուցված տան հետևից»։

Անդրադառնալով որոշ անձանց կողմից իրավական հնարամտությանը, ովքեր պատմամշակությին շենքի կրպակը չապամոնտաժելու համար իրավական հնարքներ են փորձում գտնել, Տիգրան Ավինյանն ասաց․ «Ինչքան ուզում են պահպանեն, մենք ձևը կգտնենք և կքանդենք այդ կրպակները։ Եվ այդ տեսակ մարդիկ եթե անգամ ամենահնարամիտ իրավաբաններն էլ ունենան, թող վստահ լինեն՝ այդ հարցում մեզ հետ կոմպրոմիս չկա»։