Միջազգային

Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանի վերահսկողության տակ են գտնվում 8 գյուղեր, որոնք պետք է ազատագրել»

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը մոտեցում է, որը ծառայում է նոր հակամարտություններին, ոչ թե խաղաղությանը:

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ հենց «անջատողական ռեժիմն է ստիպել հայերին հեռանալ Ղարաբաղից»։ Նա նաև հիշեցրել է նախկին Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող ութ գյուղերի մասին և դրանք անվանել «դեռևս Հայաստանի կողմից օկուպացված՝ ընդգծելով դրանց ազատագրման անհրաժեշտությունը»։

Ալիևը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Իրանի միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։