Միջազգային

Ինչպե՞ս ստանալ վիզա Գերմանիայի դեսպանատնից

Radar Armenia-ն ներկայացնում է, թե ԵՄ և այլ երկրների դեսպանատներն ինչպես են աշխատում Հայաստանում և ինչպիսի վիզային ընթացակարգ ունեն ՀՀ քաղաքացիների համար։ 

Այս անգամ ներկայացնելու ենք Գերմանիայի դեսպանատան կարգավորումները շենգենյան վիզա ստանալու վերաբերյալ՝ քայլերն ու ընթացակարգերը։ 

Եվ այսպես, Գերմանիայի դեսպանատունը, ի տարբերություն Հայաստանում ներկայացված ԵՄ անդամ այլ երկրների, ինքն է տրամադրում վիզա Գերմանիա և ԵՄ մուտքի արտոնագրի համար դիմողների համար։ 

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Շենգենյան վիզա է տրամադրում՝ Գերմանիայի, Բելգիայի, Շվեդիայի ու Լյուքսեմբուրգի համար։ 

Քայլ 1. 

Հարկ է առցանց եղանակով ամրագրել շենգենյան վիզայի դիմումը հանձնելու օրը։ Ամրագրումն անվճար է, պետք  է մուտք գործել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կայք և, համապատասխան վայրում լրացնելով մի քանի պարզ տվյալ, ամրագրել մուտքի արտոնագրի (վիզայի) դիմումի հանձնման օրը։ Դժվարությունն այն է, որ դեսպանատան առցանց հերթագրման համակարգում դիմումի հանձնման օրերի քանակը ակնհայտորեն չի համապատասխանում քաղաքացիների աճող պահանջարկին, և երբեմն ստիպված եք լինելու մի քանի ամիս առաջ ամրագրել օր ու ժամ ձեր դիմումի համար։

Իմիջիայլոց, այդ համակարգն ակտիվանում է ամեն օր՝ 00։01-ին (ԳԴՀ ժամով) և 02։01 (ՀՀ ժամով), և մի քանի վայրկյանում բոլոր տեղերը սպառվում են։ Մամուլում առկա են տեղեկություններ, որ տարատեսակ տուրիստական կազմակերպություններ զբաղվում են «օրերի վաճառքով» (օրինակ, Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ էջեր ու գովազդներ կան), նույնիսկ գին է նշվում՝ միջինը 40 հզ․ դրամ։ Դրանք չեն աշխատում դեսպանատան հետ, այլ նախապես ամրագրում են տեղեր, իսկ հետո, վերաամրագրելով այլոց անունով, զբաղվում են «օրերի վաճառքով»։ Դեսպանատունը իր հերթին չի կարգավորում և կանխարգելում այդ գործունեությունը, ոչ էլ բավարար օրեր է ավելացնում ՀՀ քաղաքացիների պահանջների սպասարկման համար։ 

Քայլ 2. 

Օրն ամրագրելուց հետո ձեր էլեկտրոնային փոստային հասցեին ստանում եք նամակ դեսպանատան կողմից՝ ամրագրման օրվա ու ժամի տվյալներով։ Հավաքում եք վիզայի համար նախատեսված փաստաթղթերի ցանկը (ցանկն առկա է դեսպանատան կայքէջում)։ 

Հիշեցում. գոյություն ունի մի քանի տեսակի վիզա՝ անձնական, գործնական, տուրիստական, առողջապահական, խմբային, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ փաստաթղթերի ցանկը։ 

Դրանից հետո գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացնում եք դիմում-հարցաթերթիկը, հավաքում անհրաժեշտ փաստաթղթերը և նշված օրը, նշված ժամին ներկայանում դեսպանատուն՝ ձեր դիմումը (դիմումի փաթեթը) հանձնելու։ Նկատի ունեցեք, որ դեսպանությունը ոչ լիարժեք ներկայացված դիմումները չի կարող ընդունել, և դուք ստիպված կլինեք կրկին հերթագրվել: 

Քայլ 3. 

Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումի քննությունը  կարող է պահանջել մինչև 15 օրացուցային օր: Առանձին դեպքերում դիմումի քննությունը կարող է ձգվել մինչև 45 օրացուցային օր, եթե դիմումը պետք է հավելյալ ստուգումներ անցնի:

Ամփոփում

Գերմանիայի դեսպանատունը, ի տարբերություն ԵՄ այլ երկրների դեսպանատների, դիմող քաղաքացիներին ինքն է տրամադրում շենգենյան մուտքի արտոնագիր։ Վիզայի գումարը համեմատաբար փոքր է՝ մոտ 35-40 եվրոյի սահմաններում։ Եթե չեք ունեցել ինչ-ինչ իրավական խնդիրներ, ունեք կայուն աշխատանք, աշխատավարձ, վիզայի դրական պատմություն, ապա շենգենյան մուտքի արտոնագիր, ամենայն հավանականությամբ, կստանաք։ Առաջին դիմումում հիմնականում նշվում է կոնկրետ օրերի քանակը, թե որքան եք ցանկանում մնալ շենգենյան տարածքում, և, հավանաբար, այդքան օրվա հետ կապված էլ վիզա կստանաք։