Միջազգային

«Եվրամիության և Արևմուտքի ցանկությունն է ցանկացած միջոցներով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»․ Զախարովա

Փետրվարի 20-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունն սկսում է իր աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է հարցին, թե ի՞նչ կարող է ասել այս մասին։ 

Զախարովան ընդգծել է, որ իրենք արդեն մեկնաբանել են Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու ԵՄ խորհրդի որոշումը։

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչները խորամանկ են։ Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք սրտի, սա առաջին անգամը չէ, որ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցներով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։

Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Հարավային Կովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Բաքվի՝ ԵՄ-ի նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է Զախարովան։ 

Բացի այդ, ըստ Զախարովայի, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ, միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»։

Զախարովան համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը տեսանելի ապագայում մնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը։

«Դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենաուղիղ ճանապարհն են։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- ասել է Զախարովան։