Միջազգային

Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից «հստակ քայլեր» է ակնկալում

«Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ուղղությամբ, քանի որ ահաբեկչության քարոզչությունն այս երկրներում դեռ շարունակվում է». այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք ուշադիր հետևում ենք Շվեդիայում և Ֆինլանդիայում տիրող իրավիճակին: Ցավոք, որոշ սադրիչ գործողություններ դեռևս առկա են այդ երկրներում: Ակնկալում ենք, որ և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,-լրագրողներին ասել է Աքարը:

Աքարն այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենի հետ հանդիպումից առաջ: Մայրաքաղաք Անկարայում բանակցությունների ընթացքում Աքարն ու Կայկոնենը կքննարկեն երկկողմ պաշտպանական և անվտանգության հարցեր, ինչպես նաև Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Ֆինլանդիան և Շվեդիան, դրդված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից, հրաժարվել էին տասնամյակների չեզոքությունից ու մայիսին պաշտոնապես դիմել ՆԱՏՕ-ին՝ միանալու դաշինքին: