Միջազգային

Զասը հույս ունի, որ Հայաստանի վերաբերյալ ՀԱՊԿ փաստաթուղթը կստորագրվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեռ հույս ունի, որ Հայաստանին օգնություն տրամադրելու՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը կստորագրվի։

«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում մշակվել է դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այս աշխատանքի արդյունքում պատրաստվել է հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։

ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այդ նախագիծը։ Հուսով եմ՝ որոշակի վերանայումից հետո կհասնենք որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Վստահ եմ՝ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանին»,- այսօր ասել է Զասը ՀԱՊԿ ԽՎ նիստում։