Միջազգային

«3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախատեսվում. Լավրով

«Հարավային Կովկասին նվիրված «3+3» ձևաչափով նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են»․ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք խոսել ենք նաև խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետությունները և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Իսկ հիմա մենք պատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,- ասել է նա։

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։