ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպմանը և դրա արդյունքներին։
Փրայսը, մասնավորապես, ասել է. «Հանդիպմանը արտգործնախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերի համար հնարավորություններ կային հանդիպելու և փորձելու կամրջել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:
Մենք փորձում ենք տարածք և հնարավորություն ստեղծել երկու կողմերի համար՝ միավորվելու, բացահայտելու իրենց տարբերությունները, որոնք շատ են, և փորձելու դրանք կամրջել:
Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այս կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք հնարավորություն ստեղծել դիվանագիտության համար, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա տարբեր չէ ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ մեր մոտեցումներից։ Այդտեղ մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը։
Պատմական համաձայնությունը, որը ձեռք է բերվել Իսրայելի և Լիբանանի միջև ընդամենը մի քանի շաբաթ առաջ, դրանում Միացյալ Նահանգները խաղում էր միջնորդի, աջակցողի դեր, բայց մենք, իհարկե, պայմաններ չէինք թելադրում»,- հավելել է Փրայսը։