Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիերը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնն ու Աննա Էշուին պաշտոնապես ԱՄՆ Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև:

Բանաձևը վերաբերվում է սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Ըստ բանաձևի՝ այդ գործողությունները որակվել են որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի աղաղակող խախտումներ:

ԱՄՆ սենատորները, բանաձևի համաձայն, ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ են արել նաև հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների համար դիտարկել Ադրբեջանի կառավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: