Միջազգային

Վրաստանի վարչապետն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ, որի ընթացքում հաստատել է, որ երկրի իշխանությունները հավատարիմ են մնում հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությանը, որն ուղղված է Վրաստանի տարածքների ապաբռնազավթման ապահովմանը և օկուպացիայի գծից բաժանված համայնքների միջև վստահության ամրապնդմանը:

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Գուտերիշին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար, ինչպես նաև ընդգծել, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Խոսակցությանը անդրադարձ է արվել Ուկրաինայում շարունակվող պատերազմին և դրա ազդեցությանը աշխարհի վրա։ Ղարիբաշվիլին նշել է, որ այն «ցնցել է անվտանգության ամբողջ միջազգային ճարտարապետությունն ու կարգուկանոնը, որը հիմնված է կանոնների վրա»:

Զրույցին անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակին։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս հանդես գալ որպես միջնորդ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: