Միջազգային

Վրաստանը Ուկրաինային կոչ է արել փոխանցել դեպի Ռուսաստան մաքսանենգության տվյալները

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը կոչ է անում ուկրաինական կողմին անհապաղ փոխանցել Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ տվյալները։ Հակառակ դեպքում դա կդիտվի որպես ապատեղեկատվություն և ծայրահեղ ոչ բարեկամական, սադրիչ քայլ, ասվում է Պետական ​​անվտանգության ծառայության երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշում են նաև, որ եթե ուկրաինական կողմն իրենց ապացույցներ չներկայացնի, ապա դա կդիտվի որպես Վրաստանում անկարգություններին ուղղված քայլ։ «Հակառակ դեպքում, մենք կհամարենք, որ տարածված հայտարարությունը նախապես ծրագրված ապատեղեկատվություն է, չափազանց անբարյացակամ և սադրիչ քայլ՝ ուղղված Վրաստանում ներքին անկարգությունների առաջացմանը, որը կամա թե ակամա բխում է միայն թշնամի տրամադրված ուժերի շահերից»,- հավելել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։