Տեխնէ

Աշխարհահռչակ NVIDIA ընկերությունը Հայաստանում գիտահետազոտական կենտրոն է հիմնում

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկեցինք հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։

Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռև Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը: 1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան:

Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: NVIDIA, բարի գալուստ Հայաստան»,-գրել է Արշակյանը։