Տեխնէ

Աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

Այն միացնում է Դարդանելի նեղուցի եվրոպական և ասիական ափերը, որը  Թուրքիայի հյուսիսարևմտյան Չանաքալե նահանգի եվրոպական կողմում գտնվող Գալիպոլիից ասիական հատվածի Լապսեկի քաղաք գնացող գլխավոր նավարկուղին է: Կամուրջը հնարավորություն է տալիս ճամփորդներին՝ անցնել Դարդանելը (որը Էգեյան ծովը կապում է Մարմարա ծովի հետ) ընդամենը վեց րոպեում։ Նախկինում այն լաստանավով անցնելու համար անհրաժեշտ էր 90 րոպե։ Այս ճամփորդությունը, եթե հաշվենք նաև սպասելաժամանակը, կարող է տևել մինչև հինգ ժամ: 

 

«1915 թվականի Չանաքալե» կամուրջը կառուցելու համար ծախսվել է 2,7 միլիարդ դոլար, սակայն Թուրքիան տարեկան կխնայի 458 միլիոն դոլար՝ վառելիքի սպառման և ածխածնի արտանետումների կրճատումից: Կամրջի տոմսերը կվաճառվեն 13,6 դոլարով:

Կամրջի ճարտարապետությունը համակված է սիմվոլիզմի տարրերով. դրա կենտրոնական երկարությունը 2023 մետր է՝ խորհրդանշելով Օսմանյան կայսրության փլուզումից հետո Թուրքիայի հիմնադրման հարյուրամյակը, որը նշվելու է 2023-ին: Իսկ կամրջի աշտարակների բարձրությունը կազմում է 318 մետր, ինչը, կարծես, ակնարկ լինի  մարտի 18-ին (3/18), երբ Թուրքիան նշում է Գալիպոլիի ծովային և ցամաքային մարտերի ժամանակ զոհված իր զինվորների հիշատակի օրը: 

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, կողմից Դարդանելի արշավը նպատակ  ուներ Դարդանելի միջով՝ Միջերկրական ծովից դեպի Ստամբուլ, ճանապարհ բացել և Օսմանյան կայսրությանը դուրս թողնել պատերազմից։ 1915 թվականի ապրիլի 25-ին Գալիպոլիի ճակատամարտը նշանավորեց պատերազմական գործողությունների թեժ սկիզբը, որը տևեց ութ ամիս։ Շուրջ 44.000 դաշնակից բանակի զինվոր և 86.000 օսմանյան զինվոր զոհվեցին այս կռվի ժամանակ: 

Կամուրջը կառուցվել է թուրքական և հարավկորեական ընկերությունների կոնսորցիումի կողմից։ Բացմանը ներկա է եղել նաև Հարավային Կորեայի վարչապետ Կիմ Բու-Կյումը։

Նա ասել է, որ կամուրջը կուժեղացնի Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև կապերը. ««1915 թվի Չանաքալե» կամուրջը ետևում կթողնի առճակատման և հակամարտության այս պատմությունը, և կամուրջ կդառնա Արևելքի և Արևմուտքի միջև՝ սկիզբ դնելով խաղաղության ու բարգավաճման նոր դարաշրջանին»: