Տեսակետ

Մինսկի խմբի ոչնչացման օպերացիան բխում է Բաքվի և Մոսկվայի շահերից

Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ նշանակելը պաշտոնական Բաքվի քիմքին չի նստում: Ակնհայտ է, որ այս հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանը համախոհ են. այսինքն` այս երկու երկրների շահերից չի բխում Մինսկի խմբի գոյությունը:

Իլհամ Ալիևն ու իր վարչակարգը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը թուլացնել-ոչնչացնելու խնդիր են ունեցել դեռևս 2000-ականներից: Սրա մասին վկայող փաստերի պակաս չկա: Ռուսաստանը, որը միշտ է ցանկացել միանձնյա հարցեր լուծել հետխորհրդային տարածքում, սակայն տարբեր պատճառներով «հանդուրժել» է Արևմուտքի ներկայությունը ԼՂ կարգավորման գործընթացում, արդեն Լավրովի պլան անվանված փաստաթղթի հայտնվելուց հետո, ՄԽ համանախագահությունը երկրորդական է դիտարկել, իսկ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` ըստ էության արհամարհել ՄԽ համանախագահությունը:

2020-ի աղետալի պատերազմից հետո այս երկու երկրներն այլևս ուղիղ կերպով են «թոշակի ուղարկել» Մինսկի խումբը: Ալիևը բազմիցս է հայտարարել, թե` Ղարաբաղյան կոնֆլիկտ այլևս չկա, ուստի չկա նաև Մինսկի խումբը: Ռուսաստանը, այդ երկրի ԱԳՆ-ի մակարդակում խոսել է այն մասին, թե ռուսատյաց կենտրոնների հետ անիմաստ է որևէ ֆորմատով խոսելը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի պարագայում: Հիշեցնենք` Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսը Մոսկվայում, որի ընթացքում ՀՀ արտգործնախարարը հրապարակայնորեն հակադրվեց ՌԴ գործընկերոջը` ասելով, որ Մինսկի խմբի ֆորմատի վերաբերյալ ինքն այլ ազդակներ է ստանում Արևմուտքից:

Այսպիսով՝ ակհայտ է, որ Մինսկի խմբի ոչնչացման օպերացիան բխում է Բաքվի և Մոսկվայի շահերից: Անկարան, որն ի դեպ նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է (չշփոթել համանախագահության հետ), չնայած այս հարցում քչախոս է, բայց կարծես դեմ չէ ռուս-թուրքական տիրույթում պայմանավորվածություններով շարունակել արցախյան խոսակցությունը: Եվ ինչո՞ւ պիտի դեմ լինի, եթե խնդիրը հնարավոր լիներ կարգավորել ՄԽ շրջանակներում, ռուս-թուրքական ռազմաբազայի գոյությունն Աղդամում անհնար կլիներ:

Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն այս պահին առավելապես բխում է Հայաստանի և ԱՄՆ-ի շահերից: Այն, որ Վաշինգտոնն այլևս ուղիղ կերպով վերահաստատում է իր ներգրավվածությունն Արցախյան կարգավորման գործընթացում հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իրավիճակ փոխելու բացառիկ հնարավորություն կարող է լինել: Այն, որ այս նշանակման վերաբերյալ Բաքվի մեծամիտ հայտարարություններն արվում են առավելապես ռուսներին ծախելու համար` նույնպես տեսանելի է: Մնում է հասկանալ, թե ինչպես են դիրքավորվելու այս հարցում Հայաստանն ու Արցախը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյան պետքարտուղարության կարիերային դիվանագետ է: Ֆիլ Ռիքերը լավ գիտի Հարավային Կովկասը և արդեն իսկ անձնական դրական ներգրավվածություն է ունեցել հետպատերազմական շրջանում: Հենց նրա ջանքերով բանակցվեց մեր 15 ռազմագերիների վերադարձը Վրաստանի տարածքով, ինչի դիմաց ադրբեջանական կողմին փոխանցվեցին ականապատված տարածքների որոշ քարտեզներ: Կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը փորձելու է Արցախյան կարգավորման ներկայիս փուլում ակտիվորեն ներգրավել նաև Վրաստանը՝ հաշվի առնելով, որ Ռիքերն ԱՄՆ-ի շահերն է ներկայացնելու նաև ռուս-վրացական ժնևյան գործընթացում:

Ստեղծված իրավիճակում Մինսկի խմբի հնարավոր վերագործարկման հարցում թերևս առավել կարևոր է լինելու Ֆրանսիայի դիրքորոշումը, իհարկե, եթե պաշտոնական Փարիզն առաջիկայում այս ուղղությամբ ջանքեր ներդնի: Անկախ ամեն ինչից պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի հրաժարվում մեր տարածաշրջանի ամենակնճռոտ հարցերում ներգրավված լինելուց, այլև խաղի մեջ է մտնում ակտիվ ներկայությամբ, ինչից Հայաստանն ու Արցախը կարող են և պետք է օգտվեն:

Աներկբա է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախյան կարգավորման գործընթացում խոշոր խաղացողների հավասարակշռության լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել: Այս փոփոխությունը, մեղմ ասած, հայերի օգտին չէ: Այո՛, հայ դիվանագիտությունը կրկին լարախաղացի դիրքում է, ուստի անգամ այսքան թուլացած Հայաստանի նոր տեղի և դերի հարցում գրագետ առաջ շարժվելը թիվ մեկ հրամայականը պիտի լինի»: