Տեսակետ

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պահանջում է լյուստրացիա

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պահանջում է լյուստրացիա, որը մեր դեպքում գուցե ավելի կարևոր է, քան, ասենք, հետխորհրդային շրջանն՝ ընդհանրապես: 
Պետության հեռանկարի, անկախության և անվտանգության իմաստով կարիք կա ոչ միայն ԿԳԲ-ական անցյալի, այլև՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի լյուստրացիայի, որպեսզի հասարակությունը պատկերացնի, թե ինչ քննարկումներ են եղել իր թիկունքում, ինչու ենք այսօր կանգնել իրողությունների առաջ, որոնք հիմա, պարզվում է, ունեն բանակցված, պայմանավորված ժառանգություն։  
Կարգավորման տարբերակներից մեկով քննարկման առարկա ենք դարձրել և համաձայնել Արաքսի ափով Ադրբեջանին Մեղրիով միջանցք տալը, որը ունենալու էր մոտ 40 կմ երկարություն և 8 մ լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը, բայց Ադրբեջանը այդ միջանցքից ազատ օգտվելու համար Հայաստանին որևէ հարկ չէր վճարելու: 
Դրա դիմաց Արցախը Հայաստանին կապող 20 կմ-անոց միջանցքը դառնում էր Հայաստանի մաս: Արցախն էլ, 20 կմ-անոց լայնքը քառակուսի մետրերի վերածելով, նախկին ԼՂԻՄ-ի ծայրամասից համարժեք տարածք պետք է տար Ադրբեջանին: 
Բայց դա չէ կարևորը, այլ՝ այն, որ 1994-ին պատերազմում հաղթած Հայաստանը, հաղթանակից ընդամենը 5-6 տարի անց, մասնակցել և համաձայնել է Մինսկի խմբի կողմից առաջարկված տարածքների, միջանցքների փոխանակման տարբերակին (Լաչինի միջանցքը՝ Մեղրիի ճանապարհի [միջանցքի] դիմաց), որի հիմքում Հայաստանի ոչնչացումն է։
Առանց Սյունիքում ճանապարհների լիարժեք օգտագործման, առանց հայ-իրանական սահմանի լիիրավ օգտագործման՝ Հայաստանը դատապարտված է, գոյություն ունենալ չի կարող։ 
Որոշում կայացնողները, բանակցողները, հուսամ, հասկանում են, թե ինչ պատասխանատվություն են կրում հայ ժողովրդի, մեր պատմության առջև»։