Հասարակություն

«Սրտաբանական» հիվանդանոցի տարածքում Արցախյան պատերազմների մասնակիցը թողել է մեծ քանակի զենք-զինամթերք

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական զենք, զինամթերքի հայտնաբերման դեպքն են արձանագրել։ Քաղաքացին զանգահարել է ոստիկանության Բազումի բաժին և հայտնել, որ ինքն Արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, և լսելով ոստիկանների կոչը՝ պատերազմներից հետո իր հետ բերած զենք ու զինամթերքը ցանկանում է հանձնել իրավապահներին, և այն թողել է Նիզամի փողոցում գտնվող նախկին «Սրտաբանական» հիվանդանոց կոչվող տարածքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անմիջապես նշված վայր են մեկնում ոստիկանության ծառայողները, ովքեր կատարված որոնողական և սանրման աշխատանքների արդյունքում կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են փաթեթներ՝ կապույտ գույնի բրդյա ծածկոց և պլաշե ծածկոց, որոնց մեջ արտաքին զննությամբ առկա են եղել 3 թմբուկավոր ատրճանակ, 2 «Մակարով» տեսակի նմանվող ատրճանակ, 1 «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ, 3 ինքնաձիգ, 1 կարճեցված փողով «Կարաբին» տեսակի ակոսափող հրացան, 1 կարճեցված փողով ողորկափող հրացան, 1 արկ, 11 նռնակ, 6 պայթուցիչ, 1 հակահետևակային ական՝ իր պայթուցիչով, 2 պահեստատուփ, 2 ժապավեն, 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտներ, 2 տուփ փամփուշտներ՝ փակ վիճակում, 793 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ և 1 ցինկ՝ խոշոր տրամաչափի փամփուշտներ: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։