Հասարակություն

Արմավիր քաղաքում բազմաբնակարանային համալիր կկառուցվի՝ 13-ից 15 հարկայնությամբ

Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց - Աբովյան փողոց հատվածում, 4.645 հա մակերեսով հողատարածքի վրա շուտով կմեկնարկեն նոր բնակելի թաղամասի` «Նորք»-ի կառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։

«ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից ուղեկցվող խոշորամասշտաբ՝ մոտ 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ և շուրջ 400 նոր աշխատատեղով ներդրումային ծրագիրն արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը:

Ծրագրով նախատեսված է բազմաբնակարան համալիրների կառուցում 13-ից 15 հարկ հարկայնությամբ, որտեղ կլինեն ավելի քան 1300 բնակարաններ: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում «Առսթոռ» ընկերության կողմից կկառուցվի և Արմավիր համայնքին սեփականության իրավունքով կփոխանցվի մանկապարտեզ` նախատեսված 120-140 երեխայի համար և համայնքային օգտագործման հասարակական շինություն»,- ասվում է համայնքի ղեկավարի գրառման մեջ։