ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկներն Արտաշատի օգոստոսի 23-ի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ տեղի ունեցած խցանումը բացելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել, նրանց է մոտեցել Ford Mustang մակնիշի ավտոմեքենա, որի վարորդն սկսել է բղավել պարեկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա ավտոմեքենան վարել է ու վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները նրան հորդորել են, որպեսզի դադարեցնի նման պահվածքը, սակայն նա մեքենան վարել է դեպի «Պլազա» առևտրի կենտրոնի մոտ, իջնելով ավտոմեքենայից՝ շարունակել է հայհոյանքներ հնչեցնել ոչ միայն պարեկների, այլև դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հասցեին և չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ընթացքում բռունցքով հարվածել է պարեկներից մեկին ու հարձակվել պարեկային մյուս ծառայողների վրա։
Ի վերջո՝ հիշյալ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանն է, ում վերաբերյալ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։