Հասարակություն

Ատեստավորված զինծառայողների վարկային վատ պատմությունը կներվի

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով զինծառայողներին հիփոթեքային վարկ տրամադրելու ծրագրին, նշել է, թե ԿԲ-ի հետ կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Սուր է վարկային պատմությունների պրոբլեմը։ Պայմանավորվածություն ունենք՝ ո՛ր պահին ատեստացիոն գործընթացը սկսի, մենք զուգահեռ համաձայնագրով ԿԲ հետ կկարգավորենք նաև այդ հարցը։ Մասնավորապես, եթե զինծառայողն անցավ ատեստացիան և, նույնիսկ, եթե ունի վարկային պատմություն, ատեստացիայի ուժով այնպիսի լուծում կտանք, որ վարկային բացասական պատմությունը չի խոչընդոտի այս ծրագրի մասնակից լինելուն։ Կհամարենք, որ անձի մասնագիտական ունակությունն ու աշխատանքի կայունությունը թույլ է տալիս, որ վարկային պատմության բացասական ազդեցությունը չեզոքացվի»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սա պրակտիկ խնդիր է լուծում, քանի որ վարկային «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք դրական ատեստավորման դեպքում կստանան աջակցություն վարկային պատմությունը բարելավելու համար։

Պաշտպանության նախարարն էլ ասաց, թե կան որոշ հարցեր, որ պետք է բանակցել ԿԲ հետ։