Հասարակություն

Վահե Ղազարյանը խոսել է Ոստիկանական գվարդիայի կազմավորման ընթացքի և նպատակների մասին

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։

Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։ Ներքին գործերի նախարարը ողջունելով ներկաներին՝ խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝  նա խոսել է ընթացքի, նպատակի և կարևորության մասին։

Վահե Ղազարյանը ընդգծելով ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը՝ ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։
Ավարտին Ներքին գործերի նախարարը ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։