Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 614-Ն որոշմամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն այսուհետ իրականացնելու է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս համատեքստում այսօր՝ մայիսի 17-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արմեն Նազարյանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի, արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շրջայցի ընթացքում նախարար Ավանեսյանին ներկայացվել են ՊՈԱԿ-ի տեխնիկական և կադրային հագեցվածությունը, ուրոլոգիական և սոնոգրաֆիկ, ինչպես նաև ռենտգեն հետազոտությունների, անհետաձգելի բուժօգնության նորաբաց և վերանորոգված ատամնաբուժական սենյակները: Նախարարի հետ քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ տարվող հնարավոր միջոցառումների կազմակերպման հարցերը։

Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է հիմնարկի՝ նոր տեղադրված օդափոխության համակարգին, դատապարտյալների ճաշացուցակին, մասնավորապես՝ դիետիկ սննդի ցանկին, Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է նաև խցեր, զրուցել առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց հետ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շրջայց կատարելիս առողջապահության նախարարը ծանոթացել է բոլոր բաժանմունքների ներկա վիճակին և հրատապ խնդիրներին։ Շրջայցերի ժամանակ զրուցելով հիմնարկներում պահվող, առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց հետ՝ նախարարը նշել է, որ հետևողական կլինեն նրանց հուզող խնդիրների լուծման ուղղությամբ: