Հասարակություն

Հուշագիր՝ Վայոց ձորի մարզի և Չինաստանի Անհոյ նահանգի միջև

Վայոց ձորի մարզը շարունակում է ընդլայնել իր ապակենտրոնացված համագործակցության շրջանակները։ Կնքվել է միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։ Հուշագիրն ստորագրվել է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։

Համագործակցությունն է՛լ ավելի է ամրապնդվել երկու մարզկենտրոնների՝ Եղեգնաձորի և Հեյֆեյի միջև քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին հուշագրով, որն ստորագրել են Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը և Հեյֆեյ քաղաքի փոխքաղաքապետ Չժաո Մինը։ Առցանց ձևաչափով իրականացվող ստորագրման արարողությանը մասնակցել են Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ մշտապես բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև դարերից բխող բարեկամությունը և փոխադարձ հարգանքը և հպարտ են, որ հուշագրերի ստորագրմամբ հնարավորություն ունեն ընդլայնել հայ-չինական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և իրենց փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում։

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ գոհունակությամբ ընդգծվել է, որ հուշագրերի ստորագրումը կարևոր իրադարձություն է Վայոց ձորի մարզի և Անհոյ նահանգի համար, որը նոր էջ է բացում մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տնտեսության ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար։