Հասարակություն

«Որևէ փաստական տվյալ չկա»․ փաստաբանը՝ Գևորգ Սիմոնյանի ձերբակալության մասին

Ուրբաթ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որով հայտնում էր 11 անձի ձերբակալման մասին, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի։

Նախաքննությանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանն արձագանքել է նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ կասկած հայտնելով գործի արժանահավատության նկատմամբ։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է Գևորգ Սիմոնյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանի հետ։

Ըստ նրա` փաստական տվյալներ չկան, որ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, գործող փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ՀՀ առողջապահության փոխնախարար եղած ժամանակ իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ 

«Չկա որևէ փաստական տվյալ։ Դեռ պետք է հասկանալ, թե ինչ պետք է աներ, որ չի արել ու այդ գրածները, թե իբր պարտականություններ է ունեցել, որոնց արդյունքում է տեղի ունեցել, ապա պետք է նշեմ, որ Գևորգ Սիմոնյանի համար նման պարտականություններ սահմանված չեն եղել։ Գևորգ Սիմոնյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին հիմնավորող փաստական տվյալ գործում չկա։ Մեղադրանքում տեղ գտած ձևակերպումները իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև չեն բխում գործի նյութերից»,- նշեց փաստաբանը։ 

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ են և չեն բխում գործում առկա տվյալներից։