Հակակոռուպցիոն դատարանը 2022թ. սեպտեմբերի 14-ին վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Լյովայի Սարգսյանի և կնոջ գույքի վերաբերյալ նախաձեռնված ուսումնասիրությունը. Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Իրավասու մարմինը հայցադիմումով պահանջ է ներկայացրել որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքեր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
3 հողակտոր Արմավիր համայնքի Մյասնիկյան, Մերձավան, Զարթոնք համայնքներում,
1 առանձնատուն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղում,
հողամասի մասը Դիլիջան համայնքում,
մեկ ավտոմեքենա,
2 հողամաս Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում,
1 ոչ բնակելի տարածք Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
2 ընկերությունների մասնաբաժին, 1 ընկերությանը տրված փոխառությունից ծագող պահանջի իրավունք՝ 3.835.279 ՀՀ դրամի չափով»,- հայտնում են դատախազությունից:
Ինչպես նաև նշվում է, որ բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձել առևտրային բանկում առկա ավանդը և հաշվեգրված տոկոսները՝
2.795.901 ԱՄՆ դոլար,
33.742.695 ՀՀ դրամ։
Ներկայացվել է առանձին գումարային պահանջ հետևյալ չափով՝
531.668.948 ՀՀ դրամ,
654.086 ԱՄՆ դոլար
142.381 Եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով։
Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Հայկ Մագոյան