Հասարակություն

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (ձյուն է ու բուք) փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սպիտակի ոլորաններում, Հրազդանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գյումրիի, Անիի, Արթիկի, Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: