Հասարակություն

Քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։

Ողջունելով Խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձևաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու և մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։ Ընդգծելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կարևորությունը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից՝ փոխվարչապետն անդրադարձել է այս ձեռնարկությունների ձևավորման և աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Նիստի ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձևավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։

Շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավմանը։

Հետևեք մեզ Telegram-ում։