Հասարակություն

Մովսես գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված դեպքերի վերաբերյալ ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնվել, մեկը՝ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ կապված ավտոմեքենայից գողություն կատարելու հետ, մյուսը՝ 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ կապված բնակիչների անվադողերը վնասելու և խոտը հրկիզելու հետ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Սկսվել է նախաքննություն, իրականացվում են քննչական ու վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղությամբ, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություն է տրվել ՆԳՆ ոստիկանությանը՝ առերևույթ հանցանք կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով»,- հայտնեց Աբրահամյանը։

Նշենք՝ երեկ համայնքապետ Զավեն Պապյանը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ անհայտ անձը գյուղի թաղերից մեկում գիշերը պատռել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, հրկիզել գյուղացու խոտի 27 տուկ։ Հաջորդ օրը նույն թաղում մարդիկ տնից դուրս գալուց նկատել են փախչող անհայտ անձանց։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։