Հասարակություն

ՀՀ օդանավակայաններից 2022թ․ աննախադեպ քանակի ուղևորափոխադրումներ են իրականացվել

2022թ. ՀՀ օդանավակայաններից մեկնած և ժամանած ուղևորների թիվն աննախադեպ է եղել՝ 3 մլն 697 հազար 539 ուղևոր, որից ՀՀ-ՌԴ ավիաընկերություններով 1 մլն 458 հազար 718 ուղևոր է տեղափոխվել, հայկական ավիաընկերություններով՝ 916 հազար 524 ուղևոր, այլ երկրների ավիաընկերություններով՝ 1 մլն 322 հազար ուղևոր․ այս մասին ԱԺ-ում տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ առաջին տասնյակը գլխավորում է Fly one ավիաընկերությունը, այնուհետ՝ ռուսական Azimut և Aeroflot ընկերությունները։ 

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն հայկական ավիաընկերությունների մեջ չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Փոխնախարարը պարզաբանեց, որ Fly Arna-ն իր չվերթները սկսել է 2022թ. ամռանից. «Կես տարի է փաստացի գործել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է 78 հազար 711 ուղևոր։