Հասարակություն

Եվս 60 օր՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ, փոփոխություններ կկատարվեն «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ հետ 2021թ. սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրում, և ևս 60 օր կտրամադրվի Արարատի մարզում ասֆալտապատման աշխատանքների ավարտի համար։

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշման հիմնավորումներից, «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ն խնդրանքով դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հայտնելով, որ Կապալառուն ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի աշխատանքները կատարվեն և ավարտվեն սահմանված ժամկետում, սակայն շինարարական աշխատանքները մեկնարկելուց հետո  ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նախագծային փոփոխությունների անհրաժեշություն են առաջացրել։  

Ընկերությունը խնդրել է աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել առնվազն 60 օրով՝ աշխատանքներն ամբողջովին ավարտելու համար:

Նշենք, որ «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՓԲԸ-ն իրականացնում է Հ8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածների հիմնանորոգման աշխատանքները։