Հասարակություն

Չնայած համավարակը որոշակի չափով նահանջել է, այն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի նիստի։

«Ուրախ եմ մասնակցելու ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստին։ Քանի որ COVID-19-ից հետո մեր օրակարգերը փոխվել են, սա հիանալի հնարավորություն է վերականգնելու ընդհանուր պատկերը, ավելի լավ հասկանալու և մեր ուշադրությունը կրկին հրավիրելու այն հարցերի վրա, որոնք որոշ ժամանակ անտեսված են եղել:

Չնայած նրան, որ համավարակը որոշակի չափով նահանջել է, այն շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում և պահանջել ռեսուրսներ: Շնորհակալ եմ բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին՝ վերջին 2 տարվա ընթացքում իրենց անգնահատելի աջակցության համար՝ COVID-19-ի դեմ անհրաժեշտ և կյանք փրկող պատվաստանյութերը տրամադրելու հարցում։ Նոր կորոնավիրուսի դեմ մեր համատեղ պայքարի շուրջ բազմակողմ համագործակցությունն ապացուցեց, որ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու միակ կենսունակ ճանապարհը համախմբվածությունն է։

Անցնելով համավարակի և 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի միջով՝ հսկայական աջակցություն ենք ստացել միջազգային գործընկերներից՝ թե‘ Արագ արձագանքման բժշկական թիմերի այցերի և թե’ տարբեր բժշկական սարքեր ու պարագաներ ստանալու առումով։ Այս մարտահրավերները մեզ սովորեցնում են, որ արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը և արձագանքումը պետք է լինի առանցքային առաջնահերթություն բոլոր երկրների առողջապահական համակարգերի համար: Ինչպես ասում են՝ «անվտանգությունն առաջնահերթ է». այդ իսկ պատճառով բոլոր երկրները պետք է ցուցաբերեն համակարգային մոտեցում։

Այժմ մեր պարտքն է հարմարվել անընդհատ փոփոխվող համատեքստին և արտակարգ իրավիճակներում ձեռնարկել մարդկանց առողջությունը պահպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը։ Ուստի, ուրախ եմ ձեզ հրավիրել Արագ արձագանքման բժշկական թիմերի (EMT) 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը տեղի կունենա Հայաստանում՝ 2022 թվականի հոկտեմբերի 5-7-ը։

Այս նախաձեռնությունը, որը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով, կարևոր է Արագ արձագանքման բժշկական թիմերի մատակարարների, անդամ երկրների և ցանցի գործընկերների տարբեր համայնքների համար՝ վերանայելու այն, ինչ ձեռք է բերվել վերջին տարիներին` հիմք ընդունելով քաղած դասերն ու լավագույն փորձը, նպատակ ունենալով խթանել Արագ արձագանքման բժշկական թիմերի և արագ արձագանքման մեջ ներգրավվածների համագործակցությունը՝ EMT գլոբալ ռազմավարության մշակման համար հարթակ տրամադրելու միջոցով:

EMT 2022 գլոբալ հանդիպումը կյուրընկալի ավելի քան 500 մասնակցի շուրջ 100 երկրներից և կազմակերպություններից: Միջոցառումը հնարավորություն կտա սահմանել Արագ արձագանքման բժշկական թիմերի ավելի երկարաժամկետ՝ 2030-ի ռազմավարության ուղենիշները՝ նպատակ ունենալով բացահայտել ազգային թիմերի կարողությունները՝ որպես համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, արձագանքման և ճկունության մաս:

Գլոբալ հանդիպման շրջանակներում նախատեսված հիմնական միջոցառումները ներառում են բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկումներ, ԱՀԿ-ի վեց տարածաշրջանում Արագ արձագանքման բժշկական թիմերի տարածաշրջանային խմբերի հանդիպումներ, խորհրդատվություններ՝ COVID-19 համավարակից քաղած դասերի, Expo-ի և այլ արտակարգ իրավիճակների վերաբերյալ:

Անհամբեր սպասում եմ ձեզ հոկտեմբերին Երևանում` հյուրընկալելու այս կարևոր համաշխարհային իրադարձությանը: Հաջողություն եմ մաղթում 72-րդ տարածաշրջանային կոմիտեի նիստի աշխատանքներին։ Շնորհակալ եմ ուշադրության համար»։