Հասարակություն

Ապօրինի բռնագանձման գործերով 12 հայց է ուղարկվել դատարան

ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը հայտարարել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ:  

Նրա խոսքով. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով ներդրվել է մի նոր ինստիտուտ, որը միջազգային իրավական պրակտիկայում կոչվում է առանց դատավճռի բռնագանձում: Այսինքն՝ այս բռնագանձումը քաղաքացիական բռնագանձում է, ըստ էության պարտադիր չէ, որ որևէ կապ ունենա քրեական վարույթի, քրեական գործի հետ»։ 

Վարչությունն այժմ գործում է 9 դատախազի և 9 տնտեսագետի թվակազմով: Քոչարյանի խոսքով՝ ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, քանի որ գործերի քանակը գնալով ավելանում է. «Օրենքն ուժի մեջ մտնելուց առ այսօր վարչությունում ստացվել են 574 անձի վերաբերյալ 345 նյութեր՝ քրեական գործերից, օպերատիվ հետախուզական մարմիններից: Այդ 574 անձի վերաբերյալ գործերից վարչությունում որոշում է կայացվել ուսումնասիրություններ սկսել 342-ով: Այսինքն 230 անձի վերաբերյալ ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի գույք չկա, և ուսումնասիրություն առհասարակ չի սկսվել: Այդ 342 ուսումնասիրություններից այս պահի դրությամբ վերջնարդյունքին հասել են և հայց է հարուցվել քաղաքացիական դատարան ընդամենը 12 գործով: Ունենք 330 ընթացիկ ակտիվ ուսումնասիրություններ»։