«Յանդեքս.Տաքսի»-ի վարորդներն օրերս ընկերության գլխամասում բողոքի ակցիա են կազմակերպել։ Պատճառը ծառայության միջնորդավճարի բարձրացումն է։ Վարորդների խոսքով՝ 2-3 տարվա մեջ միջնորդավճարը բարձրացել է գրեթե 6%-ով:
Radar Armenia-ի հետ զրույցում ընկերության վարորդ Արթուր Զոհրաբյանը նշեց՝ միջնորդավճարը 16%-ից դարձել է 18,4%. «Եթե գնում էինք Երևանից դուրս՝ շրջաններ, և 20.000 դրամ էր կազմում, միջնորդավճարը կազմում էր մոտ 3200 դրամ, հիմա՝ 3680 դրամ։ Ինչ-որ զեղչերի ծառայություն էլ ունեն, վարորդների հաշվին ուղևորներին զեղչեր են անում»։
Վարորդի խոսքով՝ այդ փոփոխությունների հետևանքով իրենք տուժում են. ««Բիզնես» տարբերակը 900 դրամից իջեցրել են 800 դրամ, 3 կմ-ը դարձրել 1,5 կմ, բայց սակագնով նույն բանն է գալիս, ինչպես՝ նախկինում, մի բան էլ՝ տուժում ենք։ Բոլորս ընտանիք ենք պահում, մարդիկ վարձով մեքենաներ են քշում։ Օրինակ, վարորդը օրական 20.000 դրամ է վաստակում, 8000 դրամ մեքենայի վարձն է տալիս, 5000 դրամի գազ է լցնում, մոտ 4000 դրամ ընկերությանն է տալիս, օրվա ընթացքում էլ պետք է սնվի, ստացվում է՝ տուն է տանում 2000 դրամ, բայց 20 հզ դրամ վաստակել էր»։
Արթուր Զոհրաբյանի խոսքով՝ իրենց պահանջը մեկն է՝ իջեցնել սահմանված 18%-ը. «Խոսակցություններ կան, որ մի քանի օրից նորից բարձրանալու է։ «Յանդեքս-տաքսի»-ն մերժում է, ասում է՝ ինչ ուզում եք, արեք, մենք չենք կարող ինչ-որ բան անել, դա դրսից՝ Մոսկվան է կարգավորում»։
Radar Armenia-ի հետ զրույցում «Յանդեքս-տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը նշեց՝ միջնորդավճարն ավելացնում են՝ ծառայության որակը բարձրացնելու համար. «Միջնորդավճարի բարձրացումը պարբերաբար տեղի է ունենում՝ երեք տարին մեկ, մենք դա անում եք ծառայության որակը բարձրացնելու համար, որի արդյունքում աճում են վարորդի եկամուտները։ Դա տեղավորվում է մեր տրամաբանության մեջ և միտում ունի տարբեր ծառայությունների որակը բարելավել, խելացի, հասանելի և անխափան դարձնել»։
Գասպարյանի խոսքով՝ Հայաստանը աշխարհում «Յանդեքս-տաքսի» ծառայություն ունեցող այն քիչ երկրներից է, որտեղ միջնորդավճարը ցածր է. «Մենք փորձում ենք նվազագույն միջնորդավճար սահմանել՝ հաշվի առնելով, որ Հայաստանում վառելիքի գինը թանկ է, դրա համար փորձում ենք դա անել ցածր գնով և քիչ պարբերականությամբ»։
Նշենք, որ Մոսկվայում «Յանդեքս-տաքսի»-ի միջնորդավճարը ֆիքսված է և չի փոխվում՝ անկախ նրանից, թե որքան արժե ուղևորությունը։ «Էկոնոմ», «Մինիվեն» և «Մանկական» սակագներում միջնորդավճարը կազմում է 18%, «Կոմֆորտ»-ում՝ 20.47%, «Բիզնես»-ում՝ 24%։
Անուշ Մկրտչյան