Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն այսօր մանրամասնել է, որ այսուհետ 300 հազար դրամից ավելի բոլոր գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով. «Այս սահմանաչափի հետ կապված բացառություն են կազմելու գրավատները: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ից գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե գումարը գերազանցի 80 հազար դրամը: 2023 թվականի հունվարի 1-ին այդ ցուցանիշը կդառնա 50 հազար դրամ և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամ»։
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ հավելեց, որ կան ոլորտներ, որտեղ անկանխիկ եղանակի համար ավելի ցածր գումարային չափ է սահմանված: Օրինակ՝ անկախ գումարի չափից անկանխիկ պետք է լինեն նոտարական գրասենյակներին, առողջապահական, կրթական հաստատություններին ուղղված վճարումները: Այստեղ զրո սահմանաչափ է գործում, բոլոր վճարումները պետք է լինեն անկանխիկ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նաև վստահեցրեց, որ այս փոփոխությունները քաղաքացիների, սպառողների համար հավելյալ ֆինանսական բեռ չեն ենթադրում. «Քաղաքացիների մոտ կա թյուրընկալում, որ եթե քարտով վճարում կատարեն, ապա միջնորդավճար է գանձվելու: Նման կարգավորում չկա, ավելին՝ շատ բանկեր առաջարկում են որոշակի չափով գումարի վերադարձ, եթե վճարումները կատարվում են անկանխիկ: Հետևաբար, քաղաքացու վրա չի դրվում որևէ ֆինանսական բեռ»։