Այսօր Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է։
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Զատիկի խորհուրդը Քրիստոսի հարություն առնելն է. Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի մեջ ընկած բնությանը:
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա անցկացվում է տոնական պատարագ:
Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի»: