Հասարակություն

ՌԴ-ի տնտեսության հետ կապ ունենալը չի նշանակում, որ ամեն ինչը պետք է ազդի ՀՀ-ի վրա

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսել է, որ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը 10% անկում կապրի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։

Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը այս կանխատեսումը համարեց քաղաքականացված. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ դա քաղաքականացված կանխատեսում է, ուրիշ ոչ մի բան։ Որևէ մեկը այսօր, ով կանխատեսում կանի որևէ մի տնտեսության վերաբերյալ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի, Ամերիկայի, մեծ դիլետանտ կլինի»։

Ըստ տնտեսագետի՝ պատերազմի պայմաններում կանխատեսում չի կարելի անել. «Ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմը երբ կավարտվի, ինչ ընթացք կունենա, դրանից նոր կարելի է բխեցնել կանխատեսումները։ Եվ, բնականաբար, նման կանխատեսումները անում են՝ ներազդելու սպասումների վրա, բայց ես դրանք լուրջ չեմ համարում»։

Հարցին, թե Ռուսաստանում տնտեսական անորոշությունները ինչպես են ազդում Հայաստանի տնտեսության վրա, Մանասերյանն ասաց. «Դա պարզունակ մտածողություն է։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Ռուսաստանի տնտեսությունը եղել է ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանը շատ ավելի ուշ է հայտնվել այդ փուլում։ Ռուսաստանի տնտեսության հետ կապ ունենալը չի նշանակում, որ ամեն ինչը պետք է ազդի Հայաստանի վրա։ Ռուսաստանի տնտեսությունն ածխաջրածիններից կախվածություն ունեցող տնտեսություն է»։

Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ պատերազմի ավարտից հետո կարելի է ամփոփել արդյունքերը և հասկանալ՝ հետո ինչ է լինելու. «Հիմա ով ինչ ասի՝ բոլորը քաղաքականացված և նախապաշարումներով գնահատականներ են»։