ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել՝ «Ուժը Հայրենյաց»։ Radar Armenia-ն պարոն Արզաքանցյանի հետ զրուցել է նորաստեղծ կուսակցության մասին։
- Պարո՛ն Արզաքանցյան, ինչպե՞ս հասունացավ քաղաքական կուսակցություն բացելու միտքը, և ո՞րն է «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը հիմնելու նպատակը։
- Ինչքան փորձեցի կուսակցություն չբացեմ, ուրիշների հետ համախմբվենք, միանանք, միասնական աշխատանքներ անենք, գնանք առաջ, չստացվեց։ Ի՞նչ ասեմ։ Մարդիկ տարբեր են, հենց մտնում եմ, հետները գնում եմ ճանապարհ, իրենց հայեցողություններն ու նպատակները փոխվում են միանգամից։
Կուսակցության նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կուսակցական ընկերների հետ մեր գաղափարներն իրագործել, որ արդեն թեքված է լրիվ հայրենասիրականը, ազգայինը ճիշտ պահելու ուղղությամբ, գնալ առաջ՝ հանուն մեր հայրենիքի, որ տեսնում ենք՝ ինչ է կատարվում… Մենք ուզում ենք մեր կուսակցական խմբակցությամբ, մեր խմբի շնորհիվ բերենք արդյունք, ինչով կարող ենք մեր պետության համար պետք գալ, դրա համար մենք հիմա որոշեցինք մեր առանձին կուսակցությունը ստեղծել, որ ուրիշի բանաձևերի մեջ չխառնվենք, ու թերի չմնա մեր նպատակային աշխատանքը։ Մեր նպատակը պիտի այնպես անենք, որ հասնի իր նպատակին, ոչ թե նպատակը մնա որպես նպատակ։
- Պարո՛ն Արզաքանցյան, Դուք Տիգրան Ուրիխանյանի կուսակցությանն էիք մինչ այդ անդամակցել։
- Ես ընդեղի բարձրագույն խորհրդի նախագահն եմ եղել և դիմում եմ գրել, դուրս եմ եկել, Տիգրան Ուրիխանյանի հետ էլ մեր հարաբերությունները նորմալ, մարդկային պահպանել ենք։
- Ո՞րն է «Ուժը Հայրենյաց» կուսակցության գաղափարախոսությունը։
- Հայրենասիրություն, ազգի, ազգային համախմբվածությունը միացնելն է։ Որ, առաջվա պես, ժողովուրդը թյուրիմացության մեջ չգտնվի՝ առաջվա իշխանություն, էսօրվա գործողներ։ Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը կողմնորոշվի, համախմբվի ճիշտ կուսակցության կողքին, որ մենք վաղը կարողանանք ճիշտ քաղաքական որոշումներ կայացնել։
- Քանի՞ հոգի են, կուսակցությանն անդամակցելու նպատակով, հայտ ներկայացրել։
- Արդեն դիմել են 1200-ից ավելի մարդիկ։ Մենք ունենք արդեն կուսակցության կայք, ֆեյսբուքյան էջ, Ինստագրամի էջ։ Մենք լինելու ենք թափանցիկ, մեր ծրագիրը ներկայացված ա, մեր կանոնադրությունը ներկայացված ա:
Ոսկեհատ Պողոսյան