Հասարակություն

Քննարկում են ձվի վերամշակման և արտահանման հարցը

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ գների անտրամաբանական անկմանը: 

Նիկոլ Փաշինյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է, թե ինչպես է կառավարվելու իրավիճակը, որ, օրինակ, Սրբ. Զատկի տոնին անցյալ տարվա իրավիճակը չլինի:

Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել թեմայի վերաբերյալ. «Այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայաձև ռեակցիա է եղել: Այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղեր ևս գինն սկսել է իջնել, և շղթայական ռեակցիա է տեղի ունեցել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել:

Ինչ վերաբերում է Զատկին կամ ընդառաջ՝ եթե մենք կարողանում ենք վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ պատմությունը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք վերահսկել, որովհետև 2 տարվա ընթացքում, կարծում եմ, մեր հարգելի տնտեսվարող սուբյեկտները հասկացան, որ մեր ապացուցողական բազան բավական լավն է, և հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի գործերը հաջողությամբ կարծես թե ավարտեցինք: Իհարկե, դա ցանկալի սցենար չէ, մեր հորդորն այն է, որ ընդհանրապես ինտերվենցիայի կարիք չունենանք: Հիմա Հայաստանում կա, մի կողմից, լավ իրավիճակ, որ ձվի պաշարների ինքնաբավությունը բարձր է, և ունենք պրոֆիցիտ, այդ պոտենցիալի պատճառով է, որ հաճախ սպառումը տեղի չի ունենում, և տնտեսվարողներն սկսում են գինն իջեցնել: Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելու հարցը, այսինքն՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»: