Հասարակություն

Մասունքների նույնականացման գործընթացն ավարտվել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման խնդրին. «Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, դրանցից դժվար էր ԴՆԹ առանձնացնելը։ 100-ից ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին մենք նույնականացման գործընթացն ավարտել ենք, և ներկայումս հետազոտման մեջ որևէ փորձանմուշ չունենք»։

Նախարարը մանրամասնեց, որ կան նույնականացված մասունքներ, որոնք դեռևս հուղարկավորված չեն. «Ցավոք, դեռևս ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, բայց, անգամ մի քանի կրկնվող հետազոտության պարագայում էլ, հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում՝ մասունքները տանելու և հուղարկավորելու»։

Ավանեսյանը մանրամասնեց, որ կան մասունքներ, որոնք անհնար է նույնականացվել. դրանք առանձին արխիվացվել են։ Թե քանի մասունքի մասին է խոսք գնում, Ավանեսյանը չմանրամասնեց՝ ասելով, որ այդ հարցերը քննչական մարմինների տիրույթում են։