Մամուլ

Քննարկվում է Օհանյանի և Չարչյանի՝ մանդատները դնելու հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության ներսում քննարկվում է իշխանությունների թիրախը դարձած երկու պատգամավորի` Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի՝ մանդատները վայր դնելու հարցը: Դա մի կողմից կնշանակի, որ մենք կառչած չենք պատգամավորական անձեռնմխելիությունից և պատրաստ ենք կամովին հրաժարվել ու քննության առաջ կանգնել:

Մյուս կողմից` իշխանություններին կզրկի խորհրդարանում շոու սարքելու, պատերազմում պարտությունն ու բանակի վիճակը նախկինների, մասնավորապես` Սեյրան Օհանյանի վրա բարդելուց, իսկ բժիշկ Չարչյանին` որպես իր մասնագիտությանը դավաճանած անձ ներկայացնելուց: Մեր տեղեկություններով, Չարչյանը դեմ չէ մանդատը վայր դնելուն, իսկ Սեյրան Օհանյանն առարկում է՝ ասելով, որ այդ դեպքում հանրությունը կընկալի, որ ինքն ընդունում է իշխանության սարքած շինծու մեղադրանքը և իր մեղքը:

Երկու պատգամավորները դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու: Սակայն կա նաև կարծիք, որ մանդատները վայր դնելը հենց իշխանությունների ուզածն է, որն ԱԺ-ից կամաց-կամաց հեռացնում է իր համար պրոբլեմատիկ անձանց և թուլացնում ընդդիմությանը»: