Մամուլ

Որքա՞ն է արժեցել ԱԺ նախագահի՝ Կատար գործուղումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանի և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Կատար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ մեր հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի կառավարության հրավերով և ծախսերով մեկնել էր Կատար, նրան ուղեկցել էին Համլետ Գևորգյանն ու Հակոբ Հաջի Հակոբյանը՝ պետբյուջեի հաշվին։

ԱԺ-ից տեղեկացրել են նաև, որ ավիատոմսերի համար ծախսվել է 918 հազար 112 ՀՀ դրամ, օրապահիկ է hատկացվել, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման 2-րդ հավելվածի, կազմում է 117 դոլար, գիշերավարձի ծախսերը՝ 191 դոլար, 2 անձի դեպքում՝ համապատասխանաբար, 234 և 382 դոլար։

Հիշեցնենք նաև, որ Հակոբ Հաջի Հակոբյանը նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ եղել է հյուպատոսական վարչության պետ, 2012-13 թվականներին դատվել է հյուպատոսական անօրինական գործարքների համար։ Մոտ մեկ տարի առաջ է ընդունվել ԱԺ-ում աշխատանքի։ Նրա դուստրը Ռուբեն Ռուբինյանի ընկերուհին է և ԱԺ պատգամավորի օգնական»: